Սեբաստացի սովորողի օրագիրը ինքնամեկուսացման ժամանակ

Գարունն իմ ամենասիրելի ժամանակահատվածն է և ես միշտ անհամբերությամբ սպասում եմ դրան, բայց ո՞վ կմտածեր, որ ստիպված կլինեմ պատուհանից հիանալ դրսում նոր֊նոր ծաղկող ծառերով ու ջերմաչափին վեր ու վար անող եղանակով։ Ես միշտ էլ խուսափել եմ ակտիվ կյանքից, արձակուրդներն էլ հիմնականում տանն եմ անցկացնում, բայց հիմա ամեն ինչ այլ է։ Այն ժամանակ իմ կամքով էի տանը մնում և դա նորմալ էր, իսկ հիմա տանը մնալու միտքը դատավճռի պես շրջում է գլխումս․․․Ափսոսում եմ այն ժամանակը, որ անցկացրել եմ տանը, դրսում քայլելու, արկածներ ունենալու փոխարեն։
Չեմ համարձակվում բողոքել այս իրավիճակից, որովհետև մի քանի ամիս առաջ ես ինքս էի երազում այսպիսի մի բան մասին․․․Կանգնեցնել ժամանակն ու վերջացնել բոլոր կիսատ գործերը։ Այն ժամանակ այս կամ այն գործը չանելու կամ ինքս ինձ խաբելու համար մեղքը գցում էի քիչ ժամանակի վրա, իսկ հիմա արդարացում չկա․․․ժամանակն ու հնարավորությունները շատ են, միայն մնում է ճիշտ օգտագործել դրանք։
Պետք է խոստովանեմ, որ հիմա ավելի ակտիվ եմ և ավելի հաճույքով եմ անում դպրոցի նախագծերը քան առաջ։ Այն ժամանակ միշտ էլ ինչ֊որ պատճառ գտնվում էր դասերին շեղվելու և ծուլանալու համար, իսկ հիմա այդ պատճառները գրեթե չկան։ Կարծում եմ՝ դրան նպաստում են նաև հեռավար ուսուցման նախագծերը։ Դրանք ավելի հետաքրքիր են քան մեր սովորական նախագծերը, որոնք միշտ անում էինք դպրոցում։ Բացի դա, շատ հետաքրքիր են անցնում տեսազանգերով դասերը, քանի որ միասին քննարկում ենք բոլոր արված ու սպասվող նախագծերը ու նաև հետաքրքիր քննարկումներ ունենում։ Ինձ համար տեսազանգերի գլխավոր առավելությունն այն է, որ բոլորս կետրոնացած ենք դասի վրա, իսկ դպրոցում ընկերները և ամենօրյա չվերջացող խոսակցությունները միշտ պատրաստ էին շեղել մեզ։
Անհամբեր սպասում եմ տանից դուրս գալուն ու իմ սիրելի գարունը վայելելուն և  դա իրականություն դարձնելու համար միայն պետք է մնալ տանը և հետևել բոլոր հրահանգներին։

Թողնել մեկնաբանություն